National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
31.10.2022
Ներկայացվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են նախագծի քննարկումները
1 / 8

Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված՝ Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թ. պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կապիտալ ծախսերի աճի եւ պարտքի կրճատման տեմպերի արագացում. արդյունքում համախառն պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թ. կունենա չեզոք ազդեցություն: Այս մասին ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2023 թ. վարչական ծախսերն ու կապիտալ ներդրումները:

Մարտին Գալստյանը նշել է, որ 2023 թ. համար նախանշված բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է արտադրողականության եւ մրցակցության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում՝ պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը եւ արտահանման աճի համար կայուն հիմքերի ձեւավորումը:

«Տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի Կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների՝ սահմանված ժամկետներում եւ ծրագրավորված համամասնություններով իրականացումից, ինչպես նաեւ ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման եւ արտահանման խթանման ուղղության միջոցառումների ամբողջական կատարումից»,-ասել է ԿԲ նախագահը: Նա հավելել է, որ 2023 թ. եւս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը` նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը՝ միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է՝ որքա՞ն է Կենտրոնական բանկը հաջորդ տարի Հայաստանում կանխատեսում տնտեսական աճը: «Կենտրոնական բանկն այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ մյուս տարվա համար կանխատեսում ենք 4,5 տոկոս: Մյուս տարի տնտեսական աճի ցուցանիշը կլինի ավելի ցածր, քան Կառավարության կողմից կանխատեսված 7 տոկոսն է. մենք ակնկալում ենք 4,5 տոկոսի շրջանակում, որովհետեւ այս տարվա աճն է բավականին բարձր եղել»,- ասել է Մարտին Գալստյանը:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային հայտի ուսումնասիրման գործընթացին, պալատի գործունեության մեթոդաբանությանը եւ 2023 թ. պետական բյուջեի նախագծի հիմնական արդյունքային եւ ֆինանսական ցուցանիշներին, ինչպես նաեւ իրավական դաշտի բարելավման, պալատի գույքային պայմանների բարելավման ու մարդկային ռեսուրսների կառավարման խնդիրներին:

Նշվել է, որ գործող մեթոդաբանության եւ միջազգայնորեն ընդունված մոտեցումների համատեքստում եզրակացությունը համարվում է վստահելի, երբ կարծիքը տրվում է՝ ապահովելով ընդհանուր գումարի 90 տոկոսից ոչ պակաս ծածկույթի հաշվեքննություն: Նախատեսվում է 2023 թ. իրականացնել 55 հաշվեքննություն. ծրագրի առաջին մասով նախատեսվում է 40, իսկ երկրորդ մասով՝ 15 հաշվեքննության իրականացում:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ արդյունքային ցուցանիշներն արձանագրելու համար նախատեսվում է շուրջ մեկ միլիարդ 60 միլիոն դրամ օգտագործել, որի շուրջ 86 տոկոսը՝ 907 մլն դրամը, կօգտագործվի աշխատանքի վարձատրության համար: Գնումների համար կնախատեսվի շուրջ 130 մլն դրամ, իսկ մնացածն օրենքով նախատեսված Հաշվեքննիչ պալատի պահուստային ֆոնդն է՝ շուրջ 19 մլն դրամ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am